Հայ փաստաբաններ եւ իրավաբանների ֆրանսիական միավորումը հարցականի տակ է դնում Հայասանի դատական մարմինների դրդապատճառները ավտոպատահարի մասնակից դարձած հայտնի հայ դերասան Վարդան Պետրոսյանի կալանքի երկարաձգման հարցում: Նման բովանդակությամբ հայտարարություն տարածել է Հայ փաստաբաններ եւ իրավաբանների ֆրանսիական միավորումը, գրում է «Nouvelles d'Arménie»-ն:

«Հայ փաստաբաններ եւ իրավաբանների ֆրանսիական միավորումը զարմանքով ու անհանգստությամբ հաշվի է առնում Հայաստանի Կոտայքի մարզի դատարանի որոշումը երկու ամսով երկարաձգել դերասան ու կատակերգու Վարդան Պետրոսյանի կալանքը: Սակայն տեղեկությունները, որ այսօր ստանում ենք նրա ընտանիքից ու որոնք հաստատում է նրա փաստաբանը, չի արդարացնում նրա հետագա կալանքը: Գործի նյութերում առկա փորձաքննությունն ապացուցել է, որ նա չի գտնվել ոգելից խմիչքի կամ թմրանյութերի ազդեցության տակ, մեքենայի արագությունը 71կմ/ժ է կազմել՝ այսինք մայրուղու համար չգերազանցված արագություն»,- նշել է միավորումը:

Այնուհետեւ կազմակերպության հայտարարության մեջ ասվում է. « Հայ փաստաբաններ եւ իրավաբանների ֆրանսիական միավորումը հարցականի տակ է դնում Հայասանի դատական մարմինների դրդապատճառները, ովքեր որոշել են երկարաձգել Վարդան Պետրոսյանի կալանքը, մինչ դեռ չկա հասարակական կարգի խախտման սպառնալիք, ինչպես նաեւ չկան բավական սպառիչ փաստարկներ նրա դեմ, իսկ նրա առողջական վիճակը ծիստ մտահոգիչ է»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը:  Քննիչ Դավիթ Մարտիրոսյանը դիմել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանը դեկտեմբերի 30-ին բավարարել էր քննիչի միջնորդությունը: