Ճապոնիայի իշխանությունները որոշել են «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի 2011թ. գարնանը տեղի ունեցած վթարը նմանակող փորձ անցկացնել։
Ատոմային էներգետիկայի ուսումնասիրման եւ զարգացման կազմակերպությունը փորձ կանցկացնի՝ միջուկային վառելիքի արտահոսքի գործընթացն ըմբռնելու համար, որը կատարվել էր ԱԷԿ-ի երեք ռեակտորներում։
Այսկերպ մասնագետներն ակնկալում են համալրել այն տեղեկատվությունը, թե ինչ է կատարվում միջուկային վառելիքի հետ, երբ դրա սառեցման համակարգի խափանում է լինում։
Հաղորդվում է, որ փորձի համար պատրաստվելու է 1,2 մ բարձրությամբ պողպատե տարա, որում տեղադրվելու է 30 սմ-անոց վառելիքային առանցք: Այդ տարայի ներսում ստեղծվելու են նույն պայմանները, որոնք առաջացել էին «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարի ժամանակ: Միջուկային առանցքի քայքայման ողջ գործընթացը նկարահանելու են տեսախցիկները եւ հատուկ սարքավորումները:
Ըստ միջուկաբանների` նոր տվյալները կօգնեն ավելի լավ նախապատրաստվել ատոմակայաններում հետագա հնարավոր իրադարձություններին:
Փորձն ակնկալվում է անցկացնել 2014թ. գարնան վերջին:





























