Պաշտոնապես աշխարհագրական տեղաններում կատարվել են համապատասխան փոփոխություններ եւ «Սելիմի լեռնանցքն» այսուհետ կոչվում է «Վարդենյաց լեռնանցք», իսկ «Սելիմի քարավանատունը»` «Օրբելյանների քարավանատուն»: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

«Տարբեր առիթներով մամուլում, էլեկտրոնային լրատվամիջոցներով, ճանապարհների վիճակին վերաբերող պաշտոնական հաղորդագրություններում, զբոսաշրջային գրքույկներում եւ տեղեկատվական նյութերում հաճախակի գործածվում է «Սելիմ» անվանումը, երբ խոսքը վերաբերում է ճանապարհային լեռնանցքին, քարավանատանըեւայլն: Պատմաբանների հետ խորհրդակցելուց հետո պարզ է դարձել, որ Սելիմը ոչ թե տեղանուն է, այլ անձնանուն: Այդ օտար բարբարոսը մեր տարածաշրջանում հայտնի է եղել միայն իր չարագործություններով ու ավերածություններով: Նա արժանի չէ, որ մեր գեղատեսիլ վայրերն ու պատմական հուշարձանները կապենք իր անվան հետ:

Ուզում եմ բոլորի տեղեկացնել, որ պաշտոնապես աշխարհագրական տեղաններում կատարվել են համապատասխան փոփոխություններ եւ «Սելիմի լեռնանցքն» այսուհետ կոչվում է «Վարդենյաց լեռնանցք», իսկ «Սելիմի քարավանատունը»` «Օրբելյանների քարավանատուն»: Խնդրում եմ այսուհետ գործածել պաշտոնական եւ հայեցի հասկացությունները` աշխարհագրական եւ պատմական այդ վայրերը հիշատակելիս»,- նշել է Էդգար Ղազարյանը: