Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Արմեն Մազմանյանի հիշատակը, ապա ներկայացվել են հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները:

Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, ժամը 18.00-20.00-ը, Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին, ժամը 12.00-14.00-ը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, հուղարկավորությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում։