«Ղրղզստանի հեղաշրջումը կարող է նախադեպ հանդիսանալ հետխորհրդային մյուս երկրների համար»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռազմավարական մշակույթի ֆոնդի փոխտնօրեն Անդրեյ Արեշեւը։
«Իրավիճակը Ղրղզստանում վաղուց էր շիկացել, ընդհանուր աղքատության ֆոնի վրա գների անընդհատ բարձրացում էր տեղի ունենում, եւ ժողովորդը վերջ ի վերջո չդիմացավ»,- հայտարարել է փորձագետը՝ ընդգծելով, որ հետխորհրդային մի քանի երկրներում նմանօրինակ իրավիճակ է ստեղծվել։ Նրա խոսքով, հնարավոր է, որ բոլոր հետխորհրդային երկրներում իրավիճակը Ղրղզստանի նման լարված չէ, սակայն հաշվի առնելով Կուրմանբեկ Բակիեւի տխուր փորձը՝ հետխորհրդային երկրների ղեկավարները պետք է շեշտը դնեն սոցիալական քաղաքականության վրա։
Նշենք, որ օրերս ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները առաջ էին բերել նրանց կողմնակիցների զայրույթը։ Ապրիլի 7-ին իշխանությունների հետ բախումները տեղափոխվեցին երկրի մայրաքաղաք Բիշքեկ։ Ընդդիմության կողմնակիցները գրոհով վերցրեցին պետական նշանակության շենքերը եւ հեռուստակենտրոնը։ Բախումների արդյունքում զոհվեց 79 մարդ։ Նախագահ Կուրմանբեկ Բակիեւը փախավ Ղրղզստանի մայրաքաղքից։ Իշխանությունը, անցավ ժամանակավոր կառավարության ձեռքը՝ Ռոզա Օթունբաեւայի ղեկավարությամբ։




























