Ռուսական Բուրյաթիայի Հանրապետությունում ձերբակալվել է օտարերկրացի, որը կասկածվում է Ուլան-Ուդեի բնակիչ տաքսիստի սպանության մեջ: Ըստ քննության՝ նա գլխատել է տաքսիստին՝ չցանկանալով վճարել:
Հունվարի 9-ին 53-ամյա տաքսիստի հարազատները դիմել էին իրավապահ մարմիններին, հայտնելով, որ տղամարդն իր մեքենայով անհետացել է: Նույն օրը Ուլան-Ուդեի ծայրամասում հայտնաբերվել է անհետացած տղամարդու գլխատված մարմինը: Ավելի ուշ քաղաքի կենտրոնում հայտնաբերվել է նրա մեքենան:
«Քննության եւ ոստիկանության համատեղ աշխատանքի արդյունքում՝ ձերբակալվել է Ուզբեկստանի քսանամյա մի քաղաքացի, որը փորձել էր վաճառել իր զոհից առեւանգած բջջային հեռախոսը: Խուզարկության ժամանակ վերջինիս մոտ հայտնաբերվել էին զոհի փաստաթղթերը», — ասել է ՌԴ ՆԳՆ-ի ներկայացուցիչը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ քննության՝ կասկածյալը չէր ցանկացել վճարել տաքսու վարորդին, դանակով մի քանի անգամ հարվածել էր նրա պարանոցին եւ կրծքավանդակին, որից հետո տղամարդու մարմինը դուրս էր բերել մեքենայից եւ թաքցրել աղբարկղերի մոտ: Մարդասպանը գողացել էր փողերը, բջջային հեռախոսը եւ զոհի փաստաթղթերը: Դրանից հետո երիտասարդը տուժածի մեքենայով հասել էր քաղաքի կենտրոն, որտեղ թողել էր մեքենան, եւ գնացել իր տուն:
Քննությունն արդեն պարզել է, որ երիտասարդը Ռուսաստանում անօրինական է գտնվել։ Հաղորդվում է, որ վերջին ժամանակներս օտարերկրացին ոչ մի տեղ չի աշխատել, ապրել է իր կենակցուհու հաշվին։ Նրան մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում։





























