Կուզբասում մի խումբ տղամարդիկ ամանորյա տոների ընթացքում բավական արտասովոր մրցություն են մտահղացել: Նրանք բազկամարտի մրցում են կազմակերպել, որի դեպքում պարտվողը պետք է կտրեր ականջը, հաղորդվում է ՌԴ ՆԳՆ ԳՎ-ի կայքում, փոխանցում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Ճոխ խնջույքի ժամանակ տղամարդիկ ձանձրացել են եւ որոշել մրցել բազկամարտում: «Մրցության» առաջին փուլից հետո պարտվածը չի համաձայնել պայմաններին, եւ ընկերները լրացուցիչ փուլ են անցկացրել, որի ժամանակ արդեն պարտվել է առաջին փուլի հաղթողը: 

Մի փոքր վիճելուց հետո երկու երիտասարդներն էլ վճռել են, որ պետք է կատարել պայմանը եւ կտրել են իրենց ականջը: Ճիշտ է, «մարզիկներից» մեկն իր ականջն ամբողջությամբ է կտրել, իսկ երկրորդը՝  կեսը:

Ներկայումս երկու տուժածն էլ տեղափոխվել են տեղի հիվանդանոց, նրանց վիճակի մասին չի հաղորդվում: