Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դը Բլացիոն պիցցա ուտելիս դանակ-պատառաքաղ է օգտագործել՝ դրանով խախտելով տեղի բնակիչների կողմից պիցցան ձեռքերով ուտելու ընդունված ավանդույթը։

Դը Բլացիոն հունվարի 10-ին այցելել է Սթեյթըն Այլընդ  շրջանի Goodfellas Pizza պիցերիա։ Լուսանկարներում երեւում է, որ նա պիցցան  դանակ-պատառաքաղով է ուտում։ Մեկ կտորը դը Բլացիոն ավանդական եղանակով՝ ձեռքով է կերել, հետո կրկին վերադարձել դանակ-պատառաքաղին։

Նյու Յորքի քաղաքապետի պահվածքը սոցցանցերում տեղի բնակիչների բացասական արձագանքին է արժանացել, իմպիչմենտի կոչեր են արվել։

2013թ. քաղաքապետ ընտրված Բիլ դը Բլացիոն փորձել է արդարացնել իրեն՝ թվիթերյան իր էջում գրելով. «Սթեյթըն Այլընդի Goodfellas Pizza-ն ինչպես էլ ուտես, լավն է»։

Նաեւ հավելել է, որ պիցցան դանակ-պատառաքաղով ուտելու սովորությունը Իտալիայում է ձեռք բերել, նաեւ մատնանշել է, որ մեկ կտորն, այնուամենայնիվ, ձեռքով է կերել, հայտնում է lenta.ru-ն։