Թուրքիայի Սամսունի նահանգապետ Հասան Բասրի Գյուզելօղլուն փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին նախագահի վրա կատարված հարձակման հետ կապված` հայտարարություն է տարածել:
Հայտարարության մեջ նշվում է, որ իր պարտականություններում թերանալու համար աշխատանքից ազատվել են Սամսունի նահանգային փոխոստիկանապետ Ջեմալ Ըսսըն եւ տեղամասային ոստիկանապետ Մուրադ Ալքանը:
Նշենք, որ Սամսունում ընթացող դատավարությանը որպես դիտորդ հետեւելիս են եղել «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (փակված «Ժողովրդավարական հասարակություն») կուսակցության որոշ պատգամավորներ եւ փակված կուսակցության նախկին առաջնորդ Ահմեդ Թուրքը, ում Թուրքիայի Սահմանադրական դատարանը 5 տարով արգելել է զբաղվել քաղաքականությամբ:
Դատական նիստի ավարտից հետո Ահմեդ Թուրքը մի խումբ անձանց կողմից ենթարկվել է հարձակման հենց դատարանի դիմաց եւ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության:




























