Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ այդ համատեքստում շատ կարեւոր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ ապրիլի 12-ին Լիբանանի արտաքին գործերի եւ էմիգրանտների նախարար Ալի Շամիի հետ հանդիպմանը:
Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լիբանանի արտգործնախարարը եւս կարեորել է հարցը իխմբի շրջանակներում լուծելու անհրաժեշտությունը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հարցին: ՀՀ ԱԺ նախագահը վերստին հայտնեց Հայաստանի պատրաստակամությունը` առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Մինչդեռ վերջինս ձգձգում է Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացումը խորհրդարանի կողմից:
Լիբանանցի նախարարի հետ հանդիպումից հետո ԱԺ նախագահը մեկնել է Բաաբդա, որտեղ Լիբանանի նախագահի նստավայրում հանդիպել է Լիբանանի նախագահ, գեներալ Միշել Սուլեյմանի հետ:
Զրուցակիցներն անդրադարձան հայ–լիբանանյան երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին: Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, Հովիկ Աբրահամյանը անընդունելի ու դատապարտելի է համարել, որ Թուրքիան դրանց վավերացումը կապում է ԼՂ խնդրի հետ: ՀՀ ԱԺ նախագահի խոսքերով` Հայաստանը ցանկանում է հարեւանների հետ ունենալ բարեկամական հարաբերություններ, բայց դրանք չեն կարող լինել մեր ժողովրդի արժանապատվության հաշվին:
Լիբանանի նախագահը նկատել է, որ Լիբանանը գիտակցում է այն ցավը, որին հանգեցնում են տեղահանություններն ու ցեղասպանությունները: Նա անընդունելի է համարել փոքր պետությունների կամ ազգերի իրավունքները խախտելը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Մնացած հարցերում Հայաստանը կարող է գնալ փոխզիջումների:
Աբրահամյանը հայ–լիբանանյան տնտեսական հարաբերություններն է քննարկել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հանդիպման ժամանակ: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է Լիբանանի վարչապետի այս տարվա սեպտեմբերին Հայաստան այցի շրջանակներում անցկացնել հայ–լիբանանյան բիզնեսֆորում: Լիբանանի վարչապետը նշեց, որ Հայաստանի եւ Լիբանանի գործարարները շատ ակտիվ են, բայց պետք է նրանց կապել միմյանց: Քննարկվել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Վարչապետի հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելել Լիբանանի նախկին վարչապետ, նահատակ Ռաֆիկ Հարիրիի շիրիմին եւ ծաղկեպսակ դրել:
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը եղել է նաեւ պատմական Բաալբեկում, այցելել հայաբնակ Այնջար բնակավայր:




























