Թուրք-ամերիկյան հարաբերությունների սառեցման եւ դրանց հետագա վատթարացման ֆոնին չի կարելի բացառել, որ ղարաբաղյան հարցում ԱՄՆ ճնշումներ կգործադրի Թուրքիայի վրա։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

Նրա խոսքով, լիովին իրատեսական է, որ Օբաման ճնշումներ գործադրի Թուրքիայի վրա՝ պարտադրելով նրան տարանջատել հայ-թուրքական գործընթացը եւ ղարաբաղյան հարցը. «Որ այս կարգի ճնշումներ ԱՄՆ Թուրքիայի վրա բանեցնելու է, միանշանակ է, ուրիշ խնդիր է, թե որն է դրա նպատակը եւ որը կլինի վերջնարդյունքը»,- նկատեց նա։

Անդրադառնալով Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցին՝ Ա. Մելիքյանը նշեց, որ այսօր Ղարաբաղի իշխանությունները, մեծ հաշվով, Հայաստանի կողմից վարվող քաղաքականության պատանդն են, եւ ավելացրեց. «Սակայն միեւնույն ժամանակ չեմ կարծում, որ Ղարաբաղի իշխանություններն այսօր պատրաստ են ակտիվ քաղաքականություն վարել»,- ընդգծեց ԼՂՀ նախկին արտգործնախարարը՝ նշելով, որ ինքը կտրականապես դեմ է Ղարաբաղի մասնակցությանը բանակցային գործընթացին՝ ներկայիս օրակարգով. «Բանակցային օրակարգը պետք է փոփոխությունների ենթարկվի։ Միայն այդ դեպքում կերեւա, թե ով է պատերազմ հրահրողը եւ ով՝ նախահարձակը»,- ամփոփեց նա։