Զուգդիդում անցնող շաբաթ կայացել է նախկին «օրենքով գող» Դազմիր Բերուլավայի թաղումը, որը մահացել էր հունվարի 5-ին՝ կյանքի 74-րդ տարում, հայտնում է «ՊրայմՔրայմ»-ը:
Այդ մարդու կենսագրություն ուշագրավ է: 18 տարեկանում 12 տարվա պատժաժամկետ ստանալով՝ Դազին հայտնվել էր Քսանիի գաղութում, որը համարվում էր «կարմիր»: Շուտով լեգենդար գող Խութա Ցուշբայան՝ նույն ինքը Չիտա Բեզուխան, Դազիի ամենաակտիվ աջակցությամբ գաղութի գույնը փոխել էր սեւի՝ հայտարարելով, որ այժմ Քսանիում երկու օրենքով գող կա՝ Չիտա Բեզուխան եւ Դազի Զուգդիդսկին:
Դազին ազատվել էր 1970թ.՝ կրելով ամբողջ պատիժը: Մայրը վախենալով, որ որդուն կրկին կնստեցնեն, սկսել էր աղաչել որդուն խզել կապերը քրեական աշխարհի հետ: Նա հրաժարվել էր սննդից եւ երկու անգամ ինքնասպանության փորձ արել, մինչեւ որ Դազին խոստացել էր հեռանալ գողական աշխարհից:
Նման մթնոլորտում Դազին ստիպված էր հրաժարվել տիտղոսից, ինչի համար էլ գողերին հավաքել էր Սուխումի «Ամրա» ռեստորանում եւ իր մոտի ընդհանուր 935 հազար ռուբլին հանձնել նրանց:
Մեկ տարի անց Դազին սկսել էր աշխատել Զուգդիդի թղթի կոմբինատում եւ շուտով ամուսնացել: 1972թ. ծնվել էր նրա ավագ որդի Լաշան: Գողական աշխարհից հեռանալուց հետո էլ Դազի Բերուլավային հիշում էին որպես ամենաարժանապատիվ գողերից մեկին:



























