Ապրիլի 13-ին գումարվել է Հայաստանի Ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման հարցերը համակարգող միջգերատեսչական հանձնախմբի առաջին նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնախումբը երկու խնդիր է լուծելու` մշակելու է Հայաստանի ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման հայեցակարգը եւ կոնկրետ քայլեր է ձեռնարկելու ռազմաարդյունաբերության համալիրի ձեռնարկություններին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ աշխատել:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ պետք է խթանել կապերը Հայաստանի եւ նախկին ԽՍՀՄ երկրների ձեռնարկությունների միջեւ: Դրա գլխավոր նպատակը մեր երկրի պաշտպանունակության բարձրացումն է, զինված ուժերին անհրաժեշտ տեխնիկայով ապահովումը: Ռազմաարդյունաբերության համալիրի զարգացումը նաեւ սոցիալական խնդիրներ կլուծի, կստեղծվեն նոր աշխատատեղեր:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությունների` Ռուսաստան եւ Բելառուս այցերից հետո արդեն գրանցվել են առաջին արդյունքները. այդ երկրների ռազմաարդյունաբերության համալիրի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան, տեղում ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները: Ռազմաարդյունաբերության ոլորտի մի քանի ձեռնարկությունների միջեւ կապերն աշխուժացնելու որոշակի հիմքեր արդեն ստեղծվել են:
«Կան համատեղ նախաձեռնություններ, եւ մենք աջակցելու ենք բոլոր ծրագրերի իրականացմանը: Հայաստանի ռազմաարդյունաբերության համալիրում կուտակված ներուժ կա, պետք է լայնորեն օգտագործենք այն, որպեսզի ունենանք կայացած, զարգացած ռազմաարդյունաբերության համալիր»,- ասել է Արթուր Բաղդասարյանը` հավելելով, որ այս խնդիրները հանրապետության նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում են:
Նիստում որոշվել է երեք ամսվա ընթացքում մշակել եւ քննարկման ներկայացնել Հայաստանի ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման հայեցակարգային դրույթները:




























