Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը պատրաստ է հրաժարական տալ՝ պայմանով, որ կերաշխավորվի իր եւ իր ընտանիքի անվտանգությունը։ «Պաշտոնաթող կլինեմ, եթե ապահովեն իմ եւ իմ հարազատների անվտանգությունը։ Եւ երկրորդ, երբ կարգուկանոն կհաստատվի, եւ փողոցներում զինված մարդիկ չեն քայլի»,- հայտարարել է նա Ջալալաբադում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ինչպես իր հերթին լրագրողներին տեղեկացրել է Ղրղզստանի ժամանակավոր կառավարության առաջնորդի աշխատակազմի ղեկավար Էդիլ Բայսալովը, ղրղզական ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունբաեւան չի պատրաստվում ուղիղ բանակցությունների գնալ Բակիեւի հետ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ղրղզստանի ժամանակավոր կառավարությունը՝ Ռոզա Օթունբաեւայի գլխավորությամբ, ապրիլի 12-ին որոշում էր ընդունել անձեռնմխելիությունից զրկել երկրի նախագահ Կուրմանբեկ Բակիեւին։

Բակիեւին անձեռնմխելիությունից զրկելու որոշման հիման վրա վերջինիս ձերբակալելու իրավունք կտրվի։ «Ինտերֆաքսի» տեղեկացմամբ, դատարանը գործող նախագահի եղբորն եւ կրտսեր որդուն ձերբակալելու որոշում արդեն իսկ կայացրել է։

Հանրապետության ժամանակավոր կառավարությունը Բակիեւին վերջնագիր է առաջադրել։ Ընդդիմությունը պահանջում է, որպեսզի Բակիեւը տեղափոխվի Բիշկեկ, այլապես նրան կձերբակալեն։ Այս պահանջին ի պատասխան՝ Բակիեւը հայտարարել էր, որ չի պատրաստվում գնալ մայրաքաղաք եւ Ջալալաբադ էր հրավիրել ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունբաեւային՝ խոստանալով ապահովել նրա անվտանգությունը։