«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքում տարիներ առաջ տեղի ունեցած մի փոփոխություն ցույց է տալիս, թե ինչ է օրենքը հայաստանյան իրականության մեջ։ Խոսքն ընտրական այն դրույթի մասին է, որ ԱԺ պատգամավորի, համայնքի ղեկավարի ընտրությունների կայանալու համար անհրաժեշտ է, որ որպես թեկնածու գրանցվի առնվազն երկու հոգի։ Սա արվել է Հայաստանի եվրածյունինգի շրջանակներում։
Օրենքն ընդունվեց, մի ահագին եվրագումար ծախսվեց, մի ահագինը մսխվեց, մի ահագինը լափվեց։
Իսկ ինչ ունեցանք իրականության մեջ. Հայաստանում այդ օրենքը պահվում, այսինքն կիրառվում է, բայց դա ամենեւին չի ապահովում հայաստանյան ընտրությունների մրցակցությունը։ Ինչո՞ւ, կհարցնի զարմացած դիտորդը։ Այն պարզ պատճառով, որ Հայաստանում տեղական բդեշխները, որոնք, օրինակ, գյուղապետ են աշխատում տասնամյակներով, ընտրությունների մրցակցությունն ապահովելու համար թեկնածու են առաջադրում գյուղապետարանների պահակներին, դպրոցների պահակներին, ֆերմաների պահակներին եւ այսպես շարունակ։ Պրոբլեմը ոչ թե այդ մարդկանց զբաղմունքն է, այլ դրածո լինելը։ Այդ մարդիկ առաջադրվում են, որ իրենց աղաներին օգնած լինեն, իսկ որպես թեկնածու առաջադրվելուց հետո սովորաբար հանում են թեկնածություննները, որովհետեւ աղաները նույնիսկ այս պարագայում են վախենում մրցակցությունից։
Ընտրական օրենսգիրն, ի դեպ, պահանջում է երկու թեկնածուների գրանցում եւ ոչ ամենեւին երկու թեկնածուների մասնակցություն քվեարկությանը»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

























