Մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության մասով կոնկրետ որոշումներ կընդունվեն, Երեւանում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գռիզլովը։

«Կարող եմ ասել, որ բավական հստակ եւ հասկանալի քայլեր են թվարկվել, եւ կարող եմ ասել, որ կան հակամարտությունը մոտ ժամանակներս լուծելու է անհրաժեշտ հեռանկարները»,- մայիսի 31-ին Երեւանում ասել է Գռիզլովը։ Նա ընդգծել է, որ հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակներում բնական են նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող քննարկումները։ Գռիզլովը նաեւ նշել է, որ դրան զուգահեռ՝ քննարկվում է նաեւ հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների հարցը։

Նշենք, որ Գռիզլովը Երեւան է ժամանել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991 թվ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել՝ խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թվ. կնքվեց զինադադար։ Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ՝ 2007թվ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվ. 4 բանաձեւերը՝ շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։