Էրդողանի իշխանության գալով՝ Թուրքիան փորձում է տարածաշրջանային գերտերություն դառնալ՝ իր դերն ամրապնդելով Միջին Արեւելքում, ընդհանրապես, եւ մահմեդական աշխարհում՝մասնավորապես։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ մեկնաբանելով իսրայելական զինուժի՝ Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող վեց, այդ թվում թուրքական նավերի վրա կրակ բացելու փաստը։

Քաղաքագետի խոսքով, Թուրքիայի եւ անձամբ այդ երկրի վաչապետի աջակցությունը Պաղեստինին զուտ խորհրդանշական բնույթ են կրում. «Այս քայլով Թուրքիան փորձում է ամրապնդել իր դիրքերը մահմեդական աշխարհում, սակայն ակնհայտ է, որ նույն այս քայլով Էրդողանը կարող է ոչ թե վատթարացնել , այլ պարզապես կասկածի տակ դնել թուրք-իսրայելական ռազմավարական հարաբերությունները»,- համոզմունք հայտնեց Բոզոյանը։

Նշենք, որ թուրքական Milliyet-ի տվյալներով, իսրայելական ռազմածովային ուժերի գլխավոր նպատակակետը հանդիսացել է Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող թուրքական Mavi Marmara նավը, որի վրա իջնելով՝ իսրայելական զինվորները կրակ են բացել անզեն քաղաքացիականների ուղղությամբ։ Կատարվածի առնչությամբ մի խումբ ցուցարարներ այսօր Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսարանի շենքի առջեւ բողոքի ակցիա են կազմակերպել։