Ոստիկանությունը քիչ առաջ կրկին խոչընդոտել է Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստների բողոքի ակցիան Ազատության հրապարակում: Ոստիկանները, կարմիր բերետավորների ուղեկցությամբ, հրապարակից բռնի ուժով դուրս են բերել ընդդիմության ակտիվիստներին, նրանց մի մասին էլ՝ մոտ 15 հոգու, բերման են ենթարկել ոստիկանություն: Բրման ենթարկվածների մեջ են  նաեւ տեղի ունեցածը նկարահանած լրագրողներից մի քանիսը՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Սյուզան Պողոսյանը, լրագրող Լիլիթ Թադեւոսյան-Բլեյանը, ինչպես նաեւ նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին եւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։ Լյուդմիլա Սարգսյանը NEWS.am-ի թղթակցին  Կենտրոնի ոստիկանությունից հեռախոսով փոխանցել է, որ որեւէ հիմք, թե ինչու են իրեն ու մյուսներին բեման ենթարկել ոստիկանություն,  չի ներկայացվում։  «Մենք ընդամենը երեք հոգով կանգնած էինք Ազատության հրապարակում, երբ մեզ մոտեցան ոստիկանական ուժեն ու հրահանգեցին լքել հրապարակը։ Պարզվում է՝ Ստալինի ու Բերիայի  ժամանակներում ենք ապրում  ու երբ երեք հոգի նույն տեղում կանգնում են, ապա նրանք իրենցից վտանգ են ներկայացնում եւ պետք է տարվեն ոստիկանություն։ Անկեղծ ասած, ինձ սա շատ ուրախացնում է, քանի որ, եթե այս իշխանությունները մեզանից վախենում են, ուրեմն իսկապես շատ թույլ են»,-ասել է ՍԴՀԿ ատենապետը։   

Այս պահին ոստիկաններն ու կարմիր բերետավորները, որոնց թիվը հասնում է մոտ հարյուրի, շրջափակել են Ազատության հրապարակն ու թույլ չեն տալիս Կոնգրեսի ակտիվիստների մուտքը  հրապարակ. ոստիկաները հրելով քշում են նաեւ հրապարակի շրջակայքում զբոսնող շարքային քաղաքացիների։ Կոնգրեսի մոտ 50 ակտիվիստներ քիչ առաջ փորձել են վերադառնալ հրապարակ, սակայն նրանց եւ կարմիր բերետավորների միջեւ տեղի է ունեցել քաշքշուկ: Ոստիկանները ընդդիմության անդամներին մղել են դեպի Սարյանի արձանին հարող տարածք։  Այդտեղ էլ  Կոնգրեսի ակտիվիստների եւ ոստիկանության միջեւ քաշքշուկ է սկսվել. ոստիկանները փորձել են թույլ չտալ մարդկանց մտնել Սարյանի արձանին հարող պուրակ՝ շրջափակելով այն։ Կոնգրեսի մոտ 70 ակտիվիստների, սակայն, հաջողվել է ճեղքել ոստիկանների շղթան եւ մտնել պուրակ: