Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանին  այսուհետ պետք է կոչել ոչ թե մարդու իրավունքների պաշտպան, այլ ԲԻՊ՝ բռնապետական իշխանությունների պաշտպան։ Այս մասին հունիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառված բռնություններին։ Լեւոն Զուրաբյանը Արմեն Հարությունյանին ԲԻՊ  անվանելու իր առաջարկը հիմնավորեց՝ հիշեցնելով ՄԻՊ-ի հայտարարությունը։ Դրանում ՄԻՊ-ը հորդորում է քաղաքացիներին՝«զերծ մնալ հասարակական կարգը խախտող գործողություններից, պահպանել եւ հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը»:

ՄԻՊ-ը միաժամանակ կոչ է անում ՀՀ Ոստիկանության մարմիններին՝ հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելիս խստագույնս պահպանել օրենքի պահանջները, ղեկավարվել համաչափության սկզբունքով` զերծ մնալով անձի` խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքի անհարկի սահմանափակումներից, հիմք ընդունել միայն անհերքելի եւ հիմնավոր փաստերը, որոնց առկայության պարագայում միջամտությունն անձի` խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքի իրականացմանը կարող է համարվել արդարացված»։  «Իր այս հայտարարությամբ Արմեն Հարությունյանը «օրհնեց»  ոստիկանության գործողությունները»,-նկատեց ՀԱԿ համակարգողը՝ հավելելով, թե ՄԻՊ-ն այսպիսով վաստակեց բռնապետական ռեժիմի պաշտպանը կոչվելու իրավունքը։