Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի (Քրդական աշխատավորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլահ Օջալանի այն հայտարարությունից հետո, որ ինքը մայիսի 31-ից հետո դուրս է գալիս քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունից, PKK-ի ռազմական թեւը` HPG-ն հայտարարել է, որ հունիսի 1-ից թուրքական իշխանությունների կողմից քրդական բնակչության դեմ ցանկացած քայլի արձագանքելու են համապատասխան գործողություններով:
Firat գործակալության փոխանցմամբ`PKK-ի տարածած հայտարարության մեջ Թուրքիան մեղադրվում է քրդերի հանդեպ մշակութային եւ ֆիզիկական ցեղասպանություն իրականացնելու, 1500-ից ավել քուրդ քաղաքական գործիչների անհիմն պատճառաբանություններով բանտերը նետելու, 4000-ից ավել քուրդ երեխաների քար նետելու համար տարիներով բանտարկելու, դպրոցներում քուրդ աղջիկ երեխաների նկատմամբ սեռական բռնություններ իրականացրած թուրք պաշտոնյաներին պաշտպանելու, Հյուսիսային Իրաքի քրդական գյուղերը գնդակոծելու մեջ:
PKK-ն հունիսի 1-ից Թուրքիայի դեմ գործողություններ սկսելը հիմնավորել է այն հանգամանքով, որ իրենց կողմից մեկ տարի տեւող միակողմանի հայտարարած զինադադարի ընթացքում թուրքական պետությունը ուշադրություն չի դարձրել իրենց առաջնորդի՝ խաղաղություն հաստատելու նախաձեռնությանը: «Այսուհետ HPG-ի ուժերը, թուրքական պետության կողմից քրդերի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, քուրդ ինքնասիրությունը նվաստացնող ցանկացած քայլ անպատասխան չեն թողնելու»,- նշվել է PKK-ի տարածած հայտարարության մեջ:
Նշենք, որ PKK-ն 30 տարուց ավել պայքարում է քրդերի իրավունքների ճանաչման համար: PKK-ն սկզբնական շրջանում ձգտում էր ստեղծել անկախ Քուրդիստան, այնուհետ փորձում է Թուրքիայի քրդաբնակ շրջաններում ստեղծել ինքնավար միավորում, ապահովել քրդերի ուսումը մայրենի լեզվով եւ այլ իրավունքներ:
PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանը 1999-ից Իմրալը կղզում ցմահ բանտարկության է դատապարտվել` բազմաթիվ սպանություններ եւ պայթյուններ կազմակերպելու մեղադրանքով: PKK-ն ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:




























