Կապանի Շահումյան թաղամասի բազմամետաղային հանքի շահագործման վերաբերյալ խոսակցությունները նոր չեն, քանի որ այդ հանքի հետախուզական աշխատանքները մենք սկսել ենք դեռեւս երկու-երեք տարի առաջ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ կանադական Dino Gold Mining (Դինո Գոլդ Մայնինգ) ընկերության մամուլի քարտուղար Նորայր Աղայանը։
Նրա խոսքով, հանքի պոտենցիալի բացահայտման նպատակով ընկերությունը վերոնշյալ տարածքում այժմ իրականացնում է առավել մանրամասն եւ լրացուցիչ ուսումնասիրություններ։ «Ֆինանստանտեսկան ճգնաժամի պայմաններում առժամանակ կասեցված, սակայն վերջերս վերսկսված աշխատանքները նպատակ ունեն պարզելու, թե որքանո՞վ է հնարավոր հանքը շահագործել բաց եղանակով»,- տեղեկացրեց Աղայանը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ մինչ այժմ իրականացված հետազոտական աշխատանքների արդյունքները «հուսադրող են եւ խոստումնալից» են եղել։
Հարցին, թե հաշվարկե՞լ է արդյոք Dino Gold Mining-ը հանքը շահագործման հանձնելուց հետո շրջակա միջավայրին եւ տեղի բնակչությանը հասցված վնասների եւ բնապահպանական աղետի չափերը, ընկերության մամուլի քարտուղարը նշեց, որ շրջակա միջավայրին հասցվող վնասը լինելու է ոչ ավել, քան հանքը փակ եղանակով շահագործելու դեպքում։ «Կարելի է ասել՝ երկու դեպքերում էլ՝ հանքը ե՛ւ փակ, ե՛ւ բաց տարբերակով շահագործելու պարագայում, առանձնահատուկ ոչինչ չի փոխվում»,- շեշետեց Աղայանը՝ որպես նկատելի տարբերություն նշելով հանքը բաց եղանակով շահագործման դեպքում առաջացող փոշու առկայությունը։ «Սակայն փոշին նստեցնելու համար էլ կան գործիքներ, միջոցներ»,- արդարացավ նա։
Դիտարկումը, թե սեփական առողջությանը եւ շրջակա միջավայրին հասցվելիք վնասների հարցերով մտահոգ կապանցիները համաձայն չեն հանքը շահագործելուն, եւ որ նրանց չի ոգեւորում անգամ հանքի շահագործմամբ աշխատանքային տեղերի բացման հեռանկարը, զարմացրեց Dino Gold Mining-ի ներկայացուցչին։ «Բանակչությունը պետք է խոսի ոչ թե վնասների, այլ օգուտների մասին։ Խոսքը լուրջ թվով աշխատատեղերի, քաղաքի զարգացման եւ սոցիալական վիճակի բարելավման մասին է»,- նկատեց Աղայանը։
«Էկոլուր» կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանն իր հերթին նկատեց, որ որքան էլ կանադական ընկերությունը փորձի նվազեցնել Շահումյանի հանքի շահագործման հետեւանքով բնությանը եւ մարդկանց առողջությանը հասցվող վնասի չափերը, միեւնույն է, դրանից վտանգը չի պակասի։ «Կապանում բազմամետաղային հանքի շահագործումը կհանգեցնի տոքսիկ եւ ռադիոակտիվ նյութերի տարածմանը, ինչն առաջին հերթին վնաս է հենց քաղաքի համար։ Այնպես որ, Կապանի բնակչության եւ անկախ փորձագետների անհանգստությունը տեղին է»,- համոզմունք հայտնեց բնապահպանը։


























