«Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին ձերբակալելու հրահանգը տրվել է  Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից՝ այս մասին քիչ առաջ հայտարարեց «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կինը՝ թերթի տնօրեն Աննա Հակոբյանը։ Նա եւ «ՀԺ»-ի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը քիչ առաջ ասուլիս էին հրավիրել թերթի խմբագրությունում։ Աննա Հակոբյանն ասաց, որ Ալիկ Սարգսյանն անձնական վրեժխնդրությունից դրդված է հրահանգել ձերբակալել 22–ամյա Անի Գեւորգյանին, քանի որ ոստիկանապետին  դուր չի եղել ոստիկանության մասին Ա. Գեւորգյանի լուսաբանումները։  ՀՀ ոստիկանապետին հատկապես դուր չի եկել Անիի՝ անցած շաբաթ պատրաստած հոդվածը ՀՀ ոստիկանությանը նվիրված տեսահոլովակի մասին։  Հոդվածով բացահայտվել էր, որ այդ տեսահոլովակը Վրաստանի ոստիկանության մասին նկարահանած տեսահոլովակի անտաղանդ կրկնօրինակն է, իսկ դրա ֆինանսավորման աղբյուրներն անհայտ են։ Նշենք, որ Անի Գեւորգյանը ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել Սարյանի արձանին հարող պուրակից՝  քաղաքացիական հագուստով մի խումբ անձանց կողմից, որոնք ենթադրաբար ոստիկաններ են եղել, սակայն չեն ներկայացել։ Բերման ենթարկելու պահը արձանագրված է։ Տեսակադրերում հստակ լսվում է, որ նրան բերման ենթարկողներից մեկը կողքինին ասում է՝ «էս էն լրագրողն ա»։ Սա ակնհայտ է դարձնում, որ ոստիկանները գործել են կոնկրետ նպատակով։ Նշենք, որ Անին ձերբակալվել է՝ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով («Քրեական օրենսգրքի» 316 հոդված) եւ այժմ գտնվում է ժամանակավոր կալանքի վայրում։ Անիի դեմ ցուցմունք է տվել ոստիկաններից մեկը՝ հայտարարելով, որ անցած կիրակի օրը Անին հարվածել է իրեն ու ցավ պատճառել։ Սա էլ հիմք է հանդիսացել Անիին բերման ենթարկելու եւ ձերբակալելու համար։

«Եթե Ալիկ Սարգսյանին թվում է, որ ինքը կարող է անձնական վրեժ լուծել թերթի լրագրողից ինչ-որ հոդվածի համար, ապա մոլորության մեջ է։ Ալիկ Սարգսյանին ծանր օրեր են սպասվում այդ քայլի համար»,-ասաց Աննա Հակոբյանը՝ առաջարկելով. «Ոստիկանությունը պետք է անհապաղ ազատ արձակի Անիին, ներողություն խնդրի պատճառած անհարմարության համար։ Հակառակ դեպքում մենք շատ ծանր օրեր ենք խոստանում Ալիկ Սարգսյանին։ Խորհուրդ ենք տալիս նաեւ «Հայկական ժամանակի» հետ չգնալ նման բացահայտ եւ տգեղ կոնֆլիկտի, այլ լինել օրենքի շրջանակներում»։