Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ձախողումը ազդում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա եւ խոչընդոտում երկրում ձեռնարկվող ժողովրդավարական բարեփոխումները։ Այսպիսի ձեւակերպում կա ԵԽԽՎ-ում քննարկվելիք զեկույցի բացատրական հուշագրում։ Խոսքը «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Ադրբեջանում» վերնագրով զեկույցի մասին է, որի քննարկումը նախատեսված է հունիսի 24-ին։

«Ադրբեջանում բոլոր կուսակցությունները հիասթափված են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններից, որոնց նպատակը Լեռնային Ղարաբաղի խնդրին լուծում գտնելն է։ Այս խնդիրը կարգավորելուն միտված ջանքերի ձախողումը ազդում է պետության տարածքային ամբողջականության վրա՝ խոչընդոտելով երկրում ձեռնարկվող ժողովրդավարական բարեփոխումները։ Այդ տարածքները շարունակում են բռնազավթված մնալ եւ հարյուր հազարավոր փախստականների ու բռնի տեղահանվածների առկայությունը մնում է մարտահրավեր՝ կանգնած այս երկրի առաջ»,-ասված է հուշագրի 18-րդ կետում։

Զեկույցի հեղինակներն են Էստոնիայի պատվիրակ Անդրես Հերկելն ու Մալթայի պատվիրակ Դեբոնո Գրեչը։ Այս փաստաթղթի քննարկումից հետո ԵԽԽՎ-ն կընդունի համապատասխան բանաձեւ։