Հայաստանի հանրակրթական դպրոցները անկլավային, գավառային դպրոցներ են: Հունիսի10-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչ Մանվել Բադեյանը: Նա նշեց, որ օտարալեզու դպրոցների բացումը կբերի հայկական դպրոցների լավացմանը:

«Մենք այստեղ բերում ենք արատներից զերծ դպրոցներ եւ ի ցույց ենք դնում հասարակությանն ու ասում ենք տեսեք այ սենց դպրոց կարա լինի երեխեք ջան, ծնողներ ջան, սենց դպրոցն ա լավը»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ շարունակելով. «Ես ունեմ ռուսական կրթություն եւ 7 տարեկանից եմ գնացել դպրոց, իսկ օրինակ Նաիրի Հունանյանը ունի փայլուն հայերենի կրթություն, նույնիսկ ավարտել է հայկական բանասիրական ֆակուլտետը: Թողնում եմ ձեր դատին, թե ո՞վ է մեզնից ավելի վտանգավոր Հայաստանի Հանրապետության համար: Դա մտացածին, մատից ծծած փաստարկ է, որ իբրեւ թե մեկ լեզու ավել իմացողը, կամ OXford-ի դպրոցի քիմիայի մեթոդաբանության գիտելիքներով մարդն ավելի վտանգավոր է ՀՀ-ի համար»,-ասաց Մանվել Բադեյանը՝ հակադրվելով ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանին, ում համոզմամբ, օտարալեզու դպրոցները կձեւախեղեն աշակերտների լեզվամտածողությունը, ինչն էլ կասկածի տակ կդնի ազգային  անվտանգությունը:

«Եթե ուզում ենք, իրոք լեզուների իմացությունը զարգացնենք, ուրեմն ինչո՞ւ անենք դա ազգային դպրոցի հաշվին, եկեք զարգացնենք ազգային դպրոցը»,- վերջում հավելեց ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը: