«Կոշ» Քրեակատարողական հիմնարկ տեղափոխված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի համակարգիչը այսօրվա դրությամբ դեռեւս չի վերադարձվել նրան։ Այս մասին քիչ առաջ NEWS.am-ի հետ զրույցում ասաց Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։ Համակարգիչը «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցները նրանից առգրավել էին դեռեւս անցած ուրբաթ։
Լուսինե Սահակյանը փաստը գնահատեց որպես ապօրինություն՝ հավելելով. «Համակարգիչը Փաշինյանի մոտ գտնվել է օրինական, եւ այն առգրավելու իրավունք ՔԿՀ-ի աշխատակիցները չունեին։ Համակարգիչն առգրավելով՝ փորձ է արվում խոչընդոտել Փաշինյանի կողմից Եվրոպական դատարան ներկայացվող գանգատը։ Եւ բացի դրանից՝ խոչընդոտվում է նրա լրագրողական գործունեությունը»:
Նշենք, որ ՀԺ-ի խմբագիրն իր փաստաբանների հետ աշխատում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվելիք գանգատի վրա։ Լուսինե Սահակյանն ասաց, որ բողոք է ներկայացնելու՝ իր պաշտպանյալից համակարգիչն ապօրինի առգրավելու վերաբերյալ։


























