Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հաջորդ հանդիպումն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Մոսկվայում, հուլիսին: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ադրբեջանական «Թրենդ» գործակալության հետ զրույցում: Ըստ Բրայզայի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի՝ երեկ կայացած հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում եւ որոշվել է հաջորդ հանդիպումն անցկացնել նախագահների մակարդակով: «Մենք համակարգեցինք մեր մոտեցումները ղարաբաղայն հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ եւ շարունակեցինք նախապատրաստել Իլհամ Ալիեւի ու Սերժ Սարգսյանի հերթական հանդիպումը»,- ասել է ամերիկացի դիվանագետը: