Կինը չպետք է խառնվի երկու տղամարդկանց խոսակցությանը, եթե անգամ այդ կինը պատգամավոր է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը: Նրա խոսքով՝ ինքը չի վիրավորել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ուղղակի նա խառնվել է իր եւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսակցությանը:

«Ես նախ եւ առաջ տղամարդ եմ, հայ տղամարդ, հետո միայն քաղաքական գործիչ: Ես ինձ երբեք թույլ չեմ տվել վիրավորել ուրիշներին եւ թույլ չեմ տա նույնն անել իմ հանդեպ: Կանայք իմ ընտանիքում գիտեն դա, ունեն կուլտուրայի այդքան մակարդակ եւ երբեք նման կերպ չէին վարվի»,-ասել է Այվազյանը:

Հիշեցնենք, որ Այվազյանի եւ Փաշինյանի միջեւ բանավեճը տեղի է ունեցել նախորդ շաբաթ, ԱԺ հերթական քառօրյայի նիստերից մեկի ժամանակ: Նրանց խոսակցությանը տեղից փորձել է միջամտել նաեւ Զարուհի Փոստանջյանը, ինչին  Վարդան Այվազյանն արձագանքել է. «Էս դո՞ւ ինչի անհանգստացար»։

Թեժ վեճ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հետ. Վարդան Այվազյանն էլի իր «դերի» մեջ էր