Ռուսաստանը նախատեսում է 2015թ. սահմանափակել մի շարք ոլորտներում միգրանտների զբաղվածության մակարդակը, հայտնում է «Իզվստիան»:
Ըստ աղբյուրի՝ ամեն տարի ՌԴ կառավարությունը հաստատում է տնտեսական այս կամ այն ոլորտում աշխատող արտասահմանցի աշխատակիցների թույլատրելի տոկոսը:
Նախորդ տարի սահմանափակումներ կիրառվել էին միայն մանրածախ առեւտրում, ալկոհոլային խմիչքների, դեղերի վաճառքում, ինչպես նաեւ մարզական ոլորտում տարատեսակ գործունեության նկատմամբ: Այժմ առաջարկվում է ցանկը համալրել այնպիսի բնագավառներով, ինչպիսիք են տրանսպորտը, գյուղատնտեսությունը եւ շինարարությունը:
«Արտասահմանցի աշխատակիցների թույլատրելի տոկոս հաստատելը կնպաստի ՌԴ քաղաքացիների աշխատանքի տեղավորման առաջնահերթությանը, ինչպես նաեւ կխթանի ներքին աշխատանքային միգրացիան», - աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության մամլո հաղորդագրությունն է մեջբերում թերթը:
2013թ, վերջի դրությամբ, ըստ ԴՄԾ-ի, Ռուսաստանում միգրանտների թիվը կազմել էր շուրջ 11 մլն մարդ, որոնցից մեծ մասը գտնվում էին Մոսկվայում:





























