Մեր խնդիրն է Հայաստանի մեր գործընկերներին ասել, որ մենք չէինք ցանկանա Երեւան-Սիմֆերոպոլ չվերթի միջոցով Ղրիմի իշխանությունների օրինականացում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեպսան Քեթրին Լիչը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսի ազդեցություն կարող էր ունենալ Հայաստանի վրա ուղիղ չվերթի իրականացումը:
Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից, Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը նշել է, որ չունի պատասխան հարցին, թե ինչ տեղի կունենա ուղիղ ավիահաղորդակցության դեպքում: «Սակայն ես կարծում եմ, որ խնդրին լուծում գտնելու համար պետք է լավ մտածել եւ երկխոսություն վարել: Հետեւանքները ժողովուրդը կզգա. մարդիկ ստիպված կլինեն ավելի երկար ճանապարհ անցնել, քան կարող էր իրականում լինել: Այսինքն, եւս մեկ անգամ պետք է քննարկել եւ բոլոր կողմերի համար բոլոր տեսակետներից շահավետ որոշում կայացնել», - ընդգծել է դիվանագետը՝ հավելելով, որ դա շատ դժվար հարց է:
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը հոկտեմբերի 25-ին հերքել է Երեւան-Սիմֆերոպոլ ուղիղ ավիաչվերթի կազմակերպման մասին հաղորդագրությունը: «Քաղավիացիայի գլխավոր վարչությունը Երեւան-Սիմֆերոպոլ ուղիղ չվերթ իրականացնելու դիմում չի ստացել», - հայտարարել է մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը:




























