Մահացել է ԱՄՆ-ում դեռահաս Ջեյլին Ֆրայբերգի իրականացրած հրաձգության ժամանակ վիրավորված եւս մեկ դեռահաս:

«Ֆրանս Պրեսս» գործակալությունը փոխանցում է, որ ողբերգության երրորդ զոհն է դարձել 14-ամյա Շեյլի Չուկուլնասկիտը:

«Շեյլի Չուկուլնասկիտը մահացել է  Փրովիդենսի հիվանդանոցում`անցյալ ուրբաթ  կրակոցների ժամանակ ստացած  ծանր վնասվածքներից», — հայտնել են հիվանդանոցի  ներկայացուցիչները, որոնց խոսքերն է մեջբերում գործակալությունը:

Միջադեպը տեղի էր ունեցել հոկտեմբերի 24-ի առավոտյան: Ատրճանակով զինված Ջեյլին Ֆրայբերգը մտել էր դպրոցի ճաշարան եւ կրակել համադասարանցիների վրա:  Հարձակման հետեւանքով մեկ աղջիկ տեղում մահացել էր, երկրորդը` 14-ամյա Ջիա Սորիանոն,  երկուշաբթի մահացել էր հիվանդանոցում: Հրաձգությունից հետո Ֆրայբերգն ինքնասպան էր եղել: Ըստ ԱՄՆ առողջապահության մարմինների ներկայացուցիչների տվյալների` տուժածների ինքնազգացողությունը նախկինի պես ծանր է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ  ոստիկանությունը հանցագործության ամենահավանական  դրդապատճառ է համարում վրեժը: Ըստ Ֆրայբերգի հարազատների`  դեռահասի զոհերից մեկը ողբերգությունից առաջ հրաժարվել էր  վերջինիս հետ ժամադրության գնալ` նախընտրելով նրա զարմիկին: