Այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի գործով նշանակված փորձաքննություններն ապացուցել են, որ ազատագրված Քարվաճառի շրջանի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին սպանել են Դիլհամ Ասկերովի ինքնաձիգից: Այս մասին NEWS.am-ին ասաց Ասկերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը:
«Ասկերովը դատարանում պնդում է, որ ինքը չի սպանել Սմբատ Ցականյանին, Հասանովն է սպանել, իսկ նախաքննության ժամանակ էլ ասել է, որ Գուլիեւն է սպանել: Այս առումով էական հակասություններ կան: Նշեմ, որ փորձաքննության ժամանակ պարզվել է, որ երեխայի վրա կրակել են հենց Ասկերովի ինքնաձիգից: Թե դատավարության ընթացքում ինչ կպարզվի եւ ինչ կապացուցվի, ասել չեմ կարող: Սպասենք քննության ընթացքին»,- ասաց փաստաբանը:
Էրիկ Բեգլարյանի խոսքով՝ նոյեմբերի 3-ին շարունակվելու է իր պաշտպանյալի հարցաքննությունը, դատարանն էլ սկսել է հրապարակել Ասկերովի նախաքննական ցուցմունքները:
Դիվերսանտներից մյուսի՝ Գուլիեւի պաշտպան Արկադի Իսրայելյանն էլ, NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով դատավարության ընթացքը, նշեց, որ այն ընթանում է իր սովորական հունով. «Դեռ վկաները պետք է հարցաքննվեն, ապացույցներն ուսումնասիրվեն: Այս պահին գորխի հետ կապված ոչինչ ասել չեմ կարող»:
Նշենք, որ այս դատավարությունը սկսվել է հոկտեմբերի 27-ից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ ոստիկանությունը տարածել էր, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով: Տվյալ անձինք հատուկ առաջադրանքոց տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:




























