ԱՄՆ-ի Սենատի թեկնածու, հանրապետական Էդ Գիլեփսին Վիրջինիա նահանգից իր աջակցությունն է հայտնել այն հարցերում, որոնք առավել կարեւոր են ամերիկահայերի համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ամերիկայի Հայ Դատի Գրասենյակի մամուլի ծառայությունից:

ԱՀԴԳ-ին ուղղված իր նամակում Էդ Գիլեփսին նշել է, որ 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է, ինչպես նաեւ իր աջակցությունն է հայտնել կոնգրեսական Էդ Ռոյսի ջանքերին, որոնք ուղղված են Թուրքիայի կողմից քրիստոնյաների ունեցվածքի փոխհատուցմանը:

Սենատի թեկնածուն, ով Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի նախագահն էր եւ նախագահ Ջորջ Բուշի խորհրդականը, պարտավորվել է նպաստել հայ-ամերիկյան տնտեսական կապերին առեւտրական համաձայնությունների եւ հարկային համաձայնությունների միջոցով: Նա խոստացել է Հայաստան այցելել Կոնգրեսի պատվիրակության կազմում իր առաջին սենատորության ընթացքում:

«Մենք գնահատել ենք էդ Գիլեփսիի հետ երկխոսությունը ԱՀԴԳ այցի ընթացքում: Մենք արժեւորում ենք նրա դիրքորոշումը հայ-ամերիկյան հարցերում եւ հույս ունենք կիսել նրա կարծիքը նահանգի հետաքրքրված ընտրողների հետ, որոնց հուզում է Հայաստանը»,- նշել է ԱՀԴԳ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: