55-ամյա բրիտանացի Սթիվեն Գաֆը, որին տասնյակ անգամ ձերբակալել են հասարակական վայրերում մերկ ներկայանալու համար, տանուլ է տվել դատական բոլոր գործերը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ մերկ ներկայանալը հակասում է բարեկրթության կանոններին ցանկացած ժամանակակից հասարակությունում եւ կարող է վիրավորել մարդկանց, հաղորդում է «Ռոսբալտը»:

Աղբյուրը նշում է, որ բրիտանացին չի կարողացել դատավորներին համոզել, թե մերկ շրջելն ամոթ չէ, եւ նույնիսկ բրիտանական օրենքները չեն արգելում հասարակական վայրերում մերկ ներկայանալ:

«Ինձ միշտ ներշնչել են, որ ապրում եմ հասարակության մեջ, որը հարգում է անհատի ինքնատիպությունը: Այժմ ինձ ոչինչ չի մնում անելու, քան շարունակել այն, ինչ անում էի»,- նշել է Գաֆը: Բրիտանացին ընդհանուր առմամբ 7 տարի անցկացրել է բանտերում, քանի որ փողոցում հայտնվել է միայն գլխարկով ու մեծ ուսապարկով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարում է, որ Գաֆն ինքնաարտահայտման բազմաթիվ այլ հնարավորություներ ունի: