Առավել կարեւոր է փմասնագետմերի կարծիքը լսել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, թե չէ քաղաքական ուժերն ամեն օր խոսում են այդ բարեփոխումների եւ դրանց անհրաժեշտության մասին, բայց իրականում հանրությանը ոչինչ չեն տալիս: Այս մասին նոյեմբերի 3-ին «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» թեմայով խորհրդաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Վ. Բրյուսովի անվան լեզուների եւ սոցիալական գիտությունների համալսարանի Հեռանկարային հետազոտությունների եւ նախաձեռնությունների կենտրոնի գիտական ղեկավար, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:
Ի պատասխան հարցին, թե որքանով են նախաձեռնված սահմանադրական բարեփոխումները նպաստելու Հայաստանի զարգացմանը, նա ընդգծել է. «Կարեւոր է փորձել գործընթացը տեղափոխել ավելի մասնագիտական հարթություն, քանի որ առանց դրա ցանկացած գործընթաց զգալիորեն կկորցնի իր նշանակությունը եւ կարող է վերածվել պարզ քաղաքական պայքարի, ինչը որ տեղի է ունենում Հայաստանում»:





























