Աֆղանստանի ոստիկանները  սկսել են տեղի բնակիչներին եւ «Թալիբանի» գրոհայիններին վաճառել իրենց զենքն ու զինամթերքը` աշխատավարձն ամիսներով չստանալու պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով  «Համա փրեսա» գործակալությունը:

Ըստ աղբյուրի` Աֆղանստանի որոշ նահանգներում տեղի ոստիկանները աշխատավարձ չեն ստացել արդեն երեք ամիս, ինչն էլ  նրանց ստիպել է  վաճառել անձնական զենքը: Գործակալությունը հայտնում է, որ ՆԳՆ-ում հերքել են այդ փաստը:

Հոկտեմբերի վերջին Քաբուլում ոստիկանները զանգվածային ցույց էին անցկացրել, որտեղ բացահայտ զգուշացրել էին կենտրոնական իշխանություններին թալիբների կողմն անցնելու մտադրության մասին՝ աշխատավարձերը չվճարելու դեպքում: Ըստ տեղի փորձագետների`տվյալ հարցի  լուծման հետագա ձգձգումը կարող է հանգեցնել նրան, որ նախկին ոստիկանների զինված ուժերը կսկսեն անցնել թալիբների կողմը կամ թալանով զբաղվել: