ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր՝ նոյեմբերի 3-ին, հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Սահամանադրական խորհրդի նախագահ Իվան Ռոգովին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել զարգացող ժողովրդավարությունների սահմանադրական իրավունքի առանձնահատկությունների վերաբերյալ: Ռոգովը ներկայացրել է իր երկրի անցած ճանապարհը եւ զարգացման միտումները, ինչպես նաեւ գոհունակություն հայտնել ՀՀ սահմանադրական դատարանի հետ ունեցած սերտ համագործակցության համար: Կողմերը նաեւ կարծիք են փոխանակել Եվրասիական տնտեսական միություն ընդգրկվելուն առնչվող սահմանադրական հարցերի վերաբերյալ:

Եռօրյա այցի շրջանակում ՀՀ արդարադատության նախարարը մասնակցել է Ղազախստանի արդարադատության նախարար Բերիկ Իմաշեւի կազմակերպած գործնական ճաշին: Հանդիպմանը կողմերը կարեւորել են համագործակցության հետագա ամրապնդումը՝ Եվրասիական տնտեսական միության կազմում համատեղ շարունակական արդյունավետ աշխատանքի տեսանկյունից: Նախարարները ներկայացրել են նաեւ քրեակատարողական, հարկադիր կատարման եւ դատական փորձաքննությունների ոլորտում իրենց երկրների ունեցած փորձը: Գործընկերները դատական փորձաքննությունների ազգային մարմինների միջեւ ամուր համագործակցության ձեւաչափ ստեղծելու համաձայնություն են ձեռք բերել: