Մեծ Բրիտանիայի Աբերիսթուիթ քաղաքի Tesco սուպերմարկետում տեղակայված բանկոմատը հաճախորդներին շփոթեցրել է ուելսերենով գրությամբ, որն անվճար էրեկցիա է խոստանում: Այս մասին գրում է Direct Press-ը:

Մակագրությամբ նկատի են ունեցել տեղեկացնել անտոկոս կանխիկացման մասին, սակայն թարգմանության սխալի արդյունքում ստացվել է, որ բանկոմատը հաճախորդներին էրեկցիա է խոստանում:

Քաղաքային խորհրդի անդամն առաջինն է նկատել սխալը եւ բանկոմատի լուսանկարը հրապարակել Facebook-ի իր էջում: Այն անմիջապես տարածվել է սոցիալական ցանցերում: Tesco-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ մակագրությունն արդեն հեռացրել են բանկոմատից եւ հնարավորինս արագ փոխարինելու են ճիշտ տարբերակով:

Ուելսի բնակիչների շուրջ մեկ հինգերորդն իր մայրենի լեզուն համարում է ուելսերենը, որը պատկանում է կելտական լեզվաընտանիքի բրիտական խմբին: