Եվրասիական տնտեսական միության երկրների սահմաններով տեղի ունեցող առեւտուրն իրականացվելու է մրցակցության միասնական կանոններով: Այս մասին դեկտեմբերի 1-ին ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Միջսահմանային առեւտրի դեպքում մրցակցության խախտումը ԵՏՄ-ում նույնպես պատժվելու է շահույթի տոկոսից տուգանքով, բայց, ի տարբերություն Հայաստանի, ոչ ամբողջական շահույթի, այլ այն ապրանքի, որի շուկայում խախտում է թույլատրվել: «Օրինակ, եթե կաթնամթերք արտադրողն անհիմն կերպով բարձրացրել է թթվասերի գինը, ապա տուգանքը հաշվարկվելու է թթվասերի տարեկան շահույթի տոկոսի չափով, այլ ոչ թե ամբողջ արտադրության»,- պարզաբանեց Շաբոյանը:

Տնտեսական մրցակցության խախտման համար պատժվելու են ոչ միայն իրավաբանական անձինք եւ անհատ ձեռներեցները, այլեւ պաշտոնատար անձինք. օրինակ՝ պետական մրցույթների կազմակերպիչները, որոնք մրցույթի այս կամ այն մասնակցի հանդեպ նախընտրություն են ցուցաբերում:

Միջսահմանային գործերը քննելու է Եվրասիական միության մրցունակության հարցերի հանձնաժողովը, որի որոշմամբ գործը կարող է փոխանցվել ազգային պետական մարմիններին, այդ թվում՝ Հայաստանում:

Միջպետական մակարդակով լուծվելու են միայն միջսահմանային առեւտրի հարցերը: Ազգային շուկաներին առնչվող հարցերը, Շաբոյանի խոսքով, նախկինի պես դիտարկելու են ազգային հակամենաշնորհային մարմինները: