Այսօր` հուլիսի 29-ի առավոտյան ժամը 10:30-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել ՀԱԿ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության անդամ, ազատամարտիկ Ժորա Սափեյանը: Նրան դիմավորելու համար Երեւանից Արթիկ էին մեկնել ՀԱԿ-ի ներկայացուցիչներն ու շարքային ակտիվստները, որոնց թվում էին ՀԱԿ-ի երիտասարդական թեւի ներկայացուցիչները` դրոշներով: Նրանք Արթիկ էին ժամանել շուրջ մեկ տասնյակի հասնող ավտոշարասյունով: Նրանց շարքում էին, մասնավորապես՝ Արամ Սարգսյանը, նախկին քաղբանտարկյալներ Սմբատ Այվազյանը, Պետրոս Մակեյանը, Վարդան Ջհանգիրյանը, Շոթա Սաղաթելյանը, Աշոտ Զաքարյանը, Հակոբ Հակոբյանը:

Ներկաները դիմավորեցին Ժորա Սափեյանին եւ ուղեկցեցին նրա հայրենի գյուղ` Աշնակ: Այստեղ արդեն նրանց էին սպասում թե՛ ազատամարտիկի հարազատները, թե՛ զինակից ընկերները:

Ժորա Սափեյանի տրամադրությունը շատ բարձր էր: Նա ասաց, որ թեեւ ուրախ է, որ ազատվել է, սակայն տխուր է, որ վատառողջ վիճակում անազատության մեջ է մնում ազատամարտիկ Սասուն Միքայելյանը: Նա հույս հայտնեց, որ իշխանությունները գթասրտություն կունենան եւ ազատ կարձակեն Սասունին: Ժ. Սափեյանը հաստատակամություն հայտնեց, որ շարունակելու է պայքարը, մինչեւ ներկա անօրինական իշխանություններից ազատվելը: «Երեւան ժամանելուն պես առաջին անելիքս լինելու է մարտի 1-ի 10 զոհերի հիշատակը հարգելը եւ Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ դնելը, որից հետո կայցելեմ Սարյանի արձանի մոտ հավաքվող պայքարողներին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ իշխանությունները ազատազրկման էին դատապարտել ոչ միայն Ժորա Սափեյանին, այլեւ նրա եղբորը` Մկրտիչ Սափեյանին եւ մյուս ազգականներին` 2008թ. ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքում` Թալինում տեղի ունեցած միջադեպից հետո: Սափեյաններին մեղադրանք էր առաջադրվել Քր.օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասով՝ խուլիգանության համար: Մկրտիչ Սափեյանը դատապարտվել էր 2, իսկ Ժորա Սափեյանը 2,5 տարվա ազատազրկման: Նրանք երկուսն էլ ամբողջությամբ կրել են պատիժը: