Հայաստանում սպասվող հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է ցատկահարթակ հանդիսանան նախագահական ընտրությունների համար:

Այս մասին հուլիսի 30-ին հայտարարեց «Սարդարապատ» շարժման անդամ Ալբերտ Բաղդասարյանը՝ «Սարդարապատի» Ազգային խորհրդարանի  իրավական հանձնաժողովի կողմից հրավիրված հերթական նիստում: Նա ներկայացրեց Հայաստանի կառավարման համակարգի իր ծրագիրը: Այդ ծրագրի առաջին քայլով առաջարկվում է ձեւավորել անցումային, ժամանակավոր Անվտանգության խորհուրդ կամ  ժամանակավոր կառավարություն՝ (ԱԽ) 2-2,5 տարով: Այնուհետ՝ 6 ամսում ձեւավորել Սահմանադիր ժողով եւ դրա առաջարկով, հանրաքվեով, Ազգային խորհրդի հսկողությամբ նոր Սահմանադրության ընդունում:  Հաջորդ 6 ամսում, ԱԽ-ի համաձայնությամբ, նոր Ընտրական օրենսգրքի ընդունում եւ ըստ նոր Սահմանադրության ու նոր Ընտրական օրենսգրքի, ԱԽ-ի հսկողությամբ, նոր Ազգային ժողովի ընտրությունների անցկացում:

Հաջորդ 6 ամսում, ԱԽ-ի հսկողությամբ, նոր Սահմանադրությամբ նախատեսված ՏԻՄ ընտրություններ (Երեւանի քաղաքապետ, մարզպետներ, համայնքապետներ):  Եվ, վերջապես, վերջին 6 ամսում, նորից ըստ Սահմանադրության եւ էլի ԱԽ հսկողությամբ, նախագահի (վարչապետի) ընտրություններ: Այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 2,5  տարի:

Ըստ Բաղդասարյանի առաջարկած ծրագրի՝ Անվտանգության խորհրդի որեւէ անդամ (հատկապես ԱԽ նախագահը) այդուհետ իրավունք չպետք է ունենա առաջադրվելու նախագահ (վարչապետ), ԱԺ պատգամավոր, Երեւանի քաղաքապետ: «Այս պայմանը կապահովի Սահմանադրության եւ ԸՕ առավելագույն հավասարակշռություն, ընտրությունների առավելագույն օրինականություն, ժողովրդի առավել վստահություն»,-նշեց Բաղդասարյանը:

Ի դեպ, նրա այս առաջարկներն ընկած են նաեւ նախորդ նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրված ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի նախընտրական ծրագրի հիմքում:

Եվ եթե ներկայացված ծրագիրը դառնա երկխոսության առարկա եւ իրագործվի, ապա ըստ Բաղդասարյանի,  2-3 տարի անց Հայաստանը հնարավորություն կունենա  պետական կառավարման ավտորիտար ռեժիմից անցնել դեպի կառավարման ժողովրդավարական համակարգ: