Օգոստոսի 1-ին լրանում է Հայ ազգային կոնգրեսի ստեղծման 2 տարին, որի կապակցությամբ նույն օրը երեկոյան ժամը 20-ին Սարյանի արձանի մոտ էին հավաքվել Կոնգրեսի ներկայացուցիչները, համակիրներն ու ակտիվիստները, այդ թվում մարզերից: Միջոցառմանը մասնակցում էր նաւե 2,5 տարի անազատության մեջ եղած եւ օրերս ազատ արձակված Ժորա Սափեյանը:

Տոնական միջոցառումն սկսելուց առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարցել են վերջին օրերին բանակում զոհված զինծառայողների հիշատակը: Ինչպես նշեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, թե’ բանակում, թե’ մնացած մյուս ոլորտներում տիրող անօրիանակության վերջ դնելու համար պետք է երկրում վերականգնվի սահմանադրական կարգը եւ իշխանությունը վերադարձվի ժողովրդին:

ՀԱԿ-ի անդամ Գագիկ Ջհանգիրյանն առաջին հերթին շնորհավորել է քաղբանտարկյալներին, նշելով. «ՀԱԿ-ի օրը առաջին հերթին նրանց տոնն է: Պատահական չէ, որ մինչ օրս մարտի 1-ի գործով որեւէ սպանություն չի բացահայտվել, որովհետեւ դրանք բոլորը շրջվելու են այս իշխանությունների վրա: Նրանք բոլորը կանգնելու են արդար դատարանի առաջ»:

ՀԱԿ-ի մեկ այլ անդամ` Դավիթ Շահնազարյանն էլ նշել է, որ «ՀԱԿ-ի ստեղծման արդյունքում վախի մթնոլորտը հասարակությունից տեղափոխվել է իշխանություն»: Նրա խոսքով, «ՀՀ-ում առաջնային խնդիրը երկրում սահմանադրական կարգի հաստատումն է, բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումն ու մարտի 1-ի դեպքերի բացահայտումն ու մեղավորներին պատժելը»:

ՀԱԿ-ի ղեկավարները ընդգծել են, որ սեպտեմբերի 17-ի նախատեսված հանրահավաքով մեկնարկում են ՀԱԿ-ի զանգվածային միջոցառումները: Տոնական միջոցառումն ավարտվել է ազգային ազատագրական երգերով եւ պարով:

Լուսանկարը եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։