Գերմանիայի բնակիչ Սվեն Հագեմայերն ամենաերկար ծննդյան տարեդարձի ռեկորդ է սահմանել: Ըստ The Telegraph-ի, գերմանացին 26-ամյակը նշել է՝ տեղաշարժվելով ժամային տարբեր գոտիներում: Նրա տարեդարձը տեւել է 46 ժամ, ինչն արձանագրվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Հագեմայերը նախ նորզելանդական Օքլենդից ուղեւորվել է ավստրալական Բրիսբեն, որն Օքլենդից «հետ է մնում» 2 ժամով, այնուհետեւ մեկնել է Հավայան կղզիներ, իսկ Հոնոլուլուն Բրիսբենից «հետ է» 20 ժամով: Այսպիսով գերմանացին «օդում» 13 ժամ 10 րոպե է անցկացրել:

Gazeta-ի փոխանցմամբ, նախորդ ամենաերկար տարեդարձը տեւել է 35 ժամ 25 րոպե:

Ի դեպ, Հագերմայերը ռեկորդային ուղեւորությունը կատարել է 2014 թվականին, սակայն Գինեսի գրքում միայն հիմա է հայտնվել: 2015 թվականին գերմանացին տարեդարձը նշելու է ավանդական ձեւով՝ ընտանիքի հետ: