Չինական Ժողովրդական Հանրապետության բնակիչ Լյան Լյանը իր հարսնացուի համար գնել է 12 հազար չինական յուան արժողությամբ ադամանդե մատանի, որը կազմում է ավելի քան 1,9 հազար ԱՄՆ դոլար։ Չինացին այն գնել է կոպեկներով, որոնց ընդհանուր կշիռը 150 կգ է կազմել, հաղորդում է South China Morning Post-ը։
Երեսնամյա Լյան Լյանը կոպեկները հանձնել է Անխոյ շրջանի Ֆույան քաղաքի խանութներից մեկում։ Կոպեկների հաշվարկով չորս աշխատակից է զբաղվել, որի համար կես օր է պահանջվել։
Չինացին իր հարսնացուին սիրահարված է եղել դեռեւս մանկուց։ Նա նշել է, որ նման քայլով կատարել է 20 տարի առաջ հարսնացուին տված իր խոստումը։ Լյան Լյանը խոսք է տվել, որ գումար կվաստակի եւ կամուսնանա նրա հետ, հաղորդում է Gazeta-ն։
«Հիմա, երբ ես բավականին գումար եմ վաստակել քեզ մատանի գնելու համար, խնդրում եմ ամուսնանալ ինձ հետ»,- ամուսնության առաջարկություն անելու ժամանակ ասել է չինացին։ Հարսնացուն դրական պատասխան է տվել։





























