Յակուտիայի տարածքն ուշ շրջանի պլեյստոցենի ժամանակ տափաստան է եղել, ինչի մասին է վկայում հնագետների հայտնաբերած սայգակի գանգը: Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է հանրապետության Գիտությունների ակադեմիայի մամոնտային ֆաունայի ուսումնասիրության բաժնի ղեկավար Ալբերտ Պրոտոպոպովը:
Գիտնականի պարզաբանմամբ, դա խոսում է այդ ժամանակաշրջանի Յակուտիայի լանդշաֆտի առանձնահատկությունների մասին, որտեղ կարողացել են բնակվել նաեւ տափաստանային կենդանիները:
Մասնագետների տվյալներով, ուշ շրջանի պլեյստոցենից ի վեր սայգակները գրեթե չեն փոխվել: Գտածոյի հստակ թվագրման համար ռադիոածխաջրային անալիզ է արվելու:
Սայգակը ոչ մեծ չափի երկկճղակավոր կաթնասուն է, որի հասակը շուրջ 80 սմ է: Այս կենդանիները բնակվում են տափաստաններում եւ կիսաանապատներում: Ներկայում աշխարհում շուրջ 50 հազար սայգակ կա:





























