ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին հարվածած եւ առաջին ատյանի դատարանի որոշմամբ մեկամյա ազատազրկման դատապարտված Արշակ Սվազյանի Վերաքննիչ դատարան բերած բողոքի քննությունը արդեն երկրորդ անգամ հետաձգվեց:
Նիստերը հետաձգվում են, դատախազի Գագիկ Մարգարյանի բացակայության եւ դատավորների կազմը համալրված չլինելու պատճառով:
Մաքսանենգության համար նախկինում դատապարտված, Թալինի բնակիչ Արշակ Սվազյանի պաշտպան Լիանա Բալյանի խոսքով՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանը խիստ պատիժ է սահմանել իր պաշտպանյալի նկատմամբ: Փաստաբանի կարծում է, որ դատարանի խիստ պատիժը պայմանավորված է նրանով, որ տուժողը ԱԺ պատգամավոր է:
Նշենք, որ Արշակ Սվազյանը պատիժը դատարանի որոշմամբ կկրի քրեակատարողական հիմնարկում դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Արշակ Սվազյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 117-րդ հոդվածի հատկանիշներով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերի 11-ի երեկոյան Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր տան մոտ հարձակման էր ենթարկվել: Գործով մեղադրվող Արշակ Սվազյանն իր նախաքննական ցուցմունքում ասել էր, որ Արամ Մանուկյանին հարվածել է, քանի որ վերջինը հրապարակավ հայհոյանքներ է հնչեցրել Սերժ Սարգսյանի հասցեին:





























