Մի շարք դեպքերում Հայաստանի փոքր ՀԷԿ-երը ֆինանսական դժվարություններ են ունենում հավուր պատշաճի չարված նախագծման պատճառով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց «Հիդրոէներգետիկա» հայկական խորհրդատվական ընկերության տնօրեն Ինեսա Գաբայանը՝ մեկնաբանելով 2011-2014 թվականների հայ-նորվեգական «Կայուն փոքր հիդրոէներգետիկայի զարգացում՝ էներգետիկ անվտանգության համար» ծրագրի արդյունքները:

Փոքր ՀԷԿ-ների շինարարության մեջ ներդրում կատարողները բախվում են նաեւ ֆինանսների հասանելիության խնդրի (վարկերի բարձր տոկոսադրույքների պատճառով) եւ տեխնիկական հարցերի: Ընդ որում, մի շարք դեպքերում ֆինանսական դժվարությունները բացատրվում են հենց տեխնիկական թերի հաշվարկներով:

«Հարկավոր է մանրամասն հաշվարկել գետում հիդրոլոգիական շարքերը, վերցնել հոսքի ոչ միայն միջին ամսական, այլեւ միջին օրական տվյալները: Չէ՞ որ սխալ հաշվարկը նաեւ սխալ սարքի պատվեր է նշանակում: Օրինակ՝ այն կարող է չափազանց թույլ լինել: Կամ էլ չափազանց ուժեղ եւ ժամանակին չծածկի ծախսը, ինչն էլ դժվարություններ կառաջացնի վարկերը մարելիս»,- պարզաբանեց Ինեսա Գաբայանը:

Բացի այդ, հետազոտության համաձայն, ՀԷԿ-երի շինարարները ոչ միշտ են հետեւում գետի հունը պահպանելու համար ջուր բաց թողնելու պահանջին: Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվել նաեւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փաստաթղթերի կազմման, ինչպես նաեւ փոքր ՀԷԿ-ի սխեմայի ուսումնասիրության համար: Լսումների ժամանակ տեղի բնակիչները մի շարք առաջարկներ են արել, որոնց հիման վրա պետք է փոփոխություններ մտցվեն պատրաստ սխեմաներում: «Մեզ հաճելիորեն զարմացրեց սովորական մարդկանց այդպիսի պատրաստվածությունը»,- նկատեց Գաբայանը: