«Ապարան ԷՑՇ» ԲԲԸ-ի էլեկտրականության մոնտաժող Խաչիկ Խուրշուդյանի մահվան դեպքով հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ «Բարձրավոլտ էլ. ցանցեր» ՓԲԸ-ի արեւելյան մասնաճյուղի բարձր լարման էլ. հաղորդման օդային գծերի ծառայության պետ Գառնիկ Իսահակյանն անցած տարվա հունվարի 15-ին տվել է թիվ 1 կարգադրություն եւ կատարողի եւ թույլատրողի պարտականությունները դրել է մեկ անձի՝ Շահեն Աթոյանի վրա: Անհրաժեշտ եւ բավարար միջոցներ չի ձեռնարկել մակածված հոսանքը պատշաճ ձեւով հողանցելու համար, ինչի հետեւանքով «Ապարան ԷՑՇ» ԲԲԸ-ի էլ.մոնտաժնիկ Խաչիկ Խուրշուդյանը Ջրվեժ գյուղի վարչական տարածքով անցնող Մարաշ 220ԿՎ օդային գծի թիվ 172 էլեկտրական սյան վրա աշխատանքներ կատարելիս մակածման գծից էլեկտրահարվել է եւ տեղում մահացել:
«Ապարան ԷՑՇ» ԲԲԸ-ի աշխղեկ եւ էլ. մոնտաժման 5-րդ համարի պատասխանատու Սարգիս Զաքարյանն էլ իր հերթին չի ստուգել 169-173 սյուների վրա տեղադրված հողանցումների բավարար լինելը, մակածված լարման առկայությունը եւ դրա մասին նպատակային հրահանգավորում չի կատարել, ինչի հետեւանքով Խաչիկ Խուրշուդյանը մահացել է:
Ընկերության մյուս աշխատակիցը՝ Շահեն Աթոյանն էլ չի դադարեցրել աշխատանքը եւ բրիգադին աշխատատեղից դուրս չի բերել, չի զգուշացրել մակածված լարման առկայության մասին, ինչի հետեւանքով Խուրշուդյանը մահացել է:
Երեք տղամարդկանց էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:



























