Մարաշում փետրվարի 19-ին 4 մարդու, այդ թվում 8-ամսական երկվորյակ տղաներին վրաերթի ենթարկելու գործով արված նախաքննությունը չի բավարարում տուժող կողմին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լեւոն Ղազարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նախաքննության որակը իրենց չի բավարարում, պատրաստվում են բողոք ներկայացնել թե դատարան, թե դատախազություն:
«Մեղադրյալը լիազորագիր է տվել կնոջը, որ նա կարողանա տնօրինի իր գույքը, բանկում գործողություններ անի, քննիչն էլ թույլատրել է լիազորագիր տալը, մինչդեռ տուժողները նշել են, որ իրենք բողոք ունեն, քաղհայց են ներկայացնելու»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ քաղհայցի հաշվարկները դեռ ընթացքի մեջ են, Աննայի եւ նրա երկու երեխաների համար որպես պատճառված վնաս ու կատարված ծախսեր մեղադրյալից կպահանջեն մոտ 5մլն դրամ: Փաստաբանը հարց է բարձրացնում՝ ինչու արգելանք չի դրվել մեղադրյալի գույքի վրա եւ ինչու է լիազորագիր տրվել այն տնօրինելու:
Լեւոն Ղազարյանն ասաց, որ գործի մեջ մի շարք վիճահարույց հանգամանքներ կան, օրինակ՝ մեղադրյալը սկզբից ասել է, որ զղջում է, ցավում է կատարվածի համար, պատրաստ է բոլոր ծախսերը եւ վնասները փոխհատուցել, սակայն քննության ավարտին ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, ինքը տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ, դեպք պահին մթագնել է, գիտակցությունը կորցրել է, չի հասկացել՝ ինչ է կատարվում ու չի կարողացել արգելակել:
Իսկ թե ինչպես է էպիլեպսիա հիվանդությամբ տառապողը ստացել վարորդական իրավունքի վկայական, փաստաբանն ասաց, որ այդ հարցին կանդրադառնա դատաքննության ընթացքում: Նա միայն հավելեց, որ փորձագետի տված եզրակացության համաձայն՝ Ռազմիկ Ավետիսյանը դեպքի պահին կարող էր արգելակել ու կանխել վթարը:
Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, քաղացի Ռ.Ավետիսյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Մարաշի Արմենակյան փողոցում վրաերթի է ենթարկել 4 անձի` 82-ամյա Անահիտ Կարապետյանին, 29-ամյա Աննա Հարությունյանին եւ նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետեւ բախվել ցանկապատին: Վրաերթի հետեւանքով մանկահասակ երեխաներից մեկը մահացել էր փետրվարի 19-ին, մյուսը`փետրվարի 22-ին հիվանդանոցում:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռազմիկ Ավետիսյանը տառապել է «Էպիլեպսիա» հիվանդությամբ եւ նախկինում մի քանի անգամ ունեցել է գիտակցության կորուստ: Փետրվարի 19-ին Ռազմիկն իր անձնական օգտագործման ավտոմեքենան վարել է Արմենակյան փողոցով շուրջ 40 կմ/ժամ արագությամբ եւ վրաերթի է ենթարկել Աննա Հարությունյանին եւ վերջինիս որդիներին, ապա ընդհարվել է ցանկապատին, որի հետեւանքով որդիներին անզգուշությամբ պատճառել է մահ, իսկ Աննա Հարությունյանին եւ Անահիտ Կարապետյանին` կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:
Ռազմիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ մասի 3-րդ մասով: Նա կալանավորված է:
Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:



























