Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ «Սդղի գյոլ»-ում մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կալանավորված Դերենիկ Հակոբյանի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Դերենիկ Հակոբյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտնեց, որ բողոքարկել են կալանքի որոշումը:

«Քննիչը կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը եւ ընդունվել էր: Մենք կալանքի որոշումը բողոքարկել են Վերաքննիչում»,- ասաց փաստաբանը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Սդղի գյոլ»-ում տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ Զաքարյանի նկատմամբ։ Քննության տվյալներով՝  ՀՀ քաղաքացիներ Յուրի Մանուչարյանը, Դերենիկ Հակոբյանը մի քանի այլ անձանց հետ միասին հարվածներ են հասցրել Մ.Զաքարյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով միջին ծանրության մարմնական վնաս։

Յուրիկ Մանուչարյանին եւ Դերենիկ Հակոբյանին հունիսի 12-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, եւ նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նշենք, որ քրգործի շրջանակներում կալանավորվել է նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին: