Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակումը կնպաստի այն բանին, որպեսզի Թուրքիան Արեւմուտքի համար կորցնի իր նշանակությունը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Կանադայում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
Նրա խոսքով՝ դեռ մի քանի տարի առաջ տարբեր հարցումները ցույց էին տալիս, որ ԱՄՆ-ը գտնվում է թուրք ժողովրդի ամենաատելի երկրների ցուցակի երրորդ տեղում։ Իհարկե առաջին երկու հորիզոնականները զբաղեցնում են հայերն ու քրդերը։ «Դա արտահայտում է Թուրքիայում ընդհանուր խճճված իրավիճակը, քանի որ երբ պետությունը կորցնում է վերահսկողությունը, ակտիվանում են տարբեր ուժերը։ Դա կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ի համար Թուրքիայի դերը կնվազի, հատկապես որ ԱՄՆ-ը դաշնակցի այլընտրանք է փնտրում։ Իրանի մասին դեռեւս վաղ է խոսել, բայց հիմա այդ երկիրը գոնե չի ընկալվում որպես թշնամի»,- նշեց Պապյանը։
Թուրքիան, ըստ նրա, հստակ շարժվում է դեպի քաղաքական իսլամ։ Այս մասին հայտարարվել էր, եւ նախագահ Էրդողանն իր էությամբ իսլամիստ է։ Թուրքիան ուզում է դառնալ, այսպես կոչված, սուննիական աշխարհի առաջնորդը։ «Թուրքիայի իշխանությունները իհարկե կփորձեն կոծկել այս միջադեպը, սակայն ամեն դեպքում սա կարեւոր միջադեպ է։ Չմոռանանք, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լրջագույն տարաձայնություններն սկսվեցին այն ժամանակ, երբ Թեհրանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին պատանդ վերցրեցին»,- հավելեց Արա Պապյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին 2 կին կրակել էին Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի մոտ հերթապահող ոստիկանների վրա եւ դիմել փախուստի։ Կանանցից մեկը DHKP-C (հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատ) անդամ է։





























